Գետեր

Գետերը, լճերը,  ճահիճները, ստորերկրյա ջրերը և սառցադաշտերը համարվում են ցամաքային ջրեր: Դրանք կազմում են Երկրի ջրերի միայն  1/30  մասը:
Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը  ներծծվում է, մի մասը՝  գոլորշիանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր: Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը: Գետը  ջրի  բնական և  մշտական հոսք  է, որն ընթանում է իր  մշակած հունով:

 

Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունը, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:
Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ՝ Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է:
Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ՝  Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:
Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերը, գետակները, առվակները կոչվում են վտակներ:
Գետերը լինում են լեռնային և հարթավայրային:
Լեռնային գետերին բնորոշ են նաև սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով:
Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար:
Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքև: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը՝ Անխելը, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ):
Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Անձրևաջրերով սնվող գետերից հայտնի են Ամազոնը, Կոնգոն: Ձնհալքային սնում ունեն Օբը, Ենիսեյը: Սառցադաշտերի հալոցքային ջրերից են սնվում բարձր լեռնային գետերը՝ Ամուդարյա, Սիրդարյա: Ստորերկրյա սնմամբ գետերը հիմնականում գտնվում են հրաբխային շրջաններում և համեմատաբար փոքր են: Տիպիկ ստորերկրյա սնմամբ գետ է Սևջուրը՝ Հայաստանում:
Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ՝  Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը՝ տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:
Չորային շրջաններում, շատ հաճախ, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում՝  պատճառելով մեծ վնասներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով