Մթնոլորտի պահպանությունը և մարդու առողջությունը

Մթնոլորտի դերն ու նշանակությունը մարդու կյանքում և ընդհանրապես Երկիր մոլորակի համար անգնահատելի են: Մթնոլորտը մեր մոլորակը պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտը: Առանձնակի կարևոր է մթնոլորտի դերը մարդու կյանքում: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը րոպեներ:
Ուստի մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է պահպանելու ա­նաղարտ պահելու մթնոլորտը, որպեսզի Երկրի վրա կյանքը շարունակվի: Մթնոլորտի աղտոտումը կատարվում է երկու ճանապարհով՝ բնական և մարդածին:

 

Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, փոշեհողմը, ան­տառների հրդեհը և այլ բնական երևույթները: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:
Մթնոլորտի աղտոտման ամենամեծ բաժինը պատկանում է տրանս­պորտին, մասնավորապես՝ ավտոմոբիլայինին, որն արտանետում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ:
Մթնոլորտի աղտոտման մյուս խոշոր աղբյուրն արդյունաբերությունն է, մասնավորապես՝ քիմիականը, վառելիքայինը, մետաղաձուլությունը և այլն: Մթնոլորտն աղտոտվում է նաև գյուղատնտեսության մեջ օգտագործ­վող թունաքիմիկատներով, օրգանական նյութերի այրումից առաջացած գազերով:
Այդ ամենի հետևանքով օդում նվազում է թթվածնի քանակությունը, ա­վելանում է ածխաթթու գազի քանակը, ինչը նպաստում է օդի տաքացմանը և կլիմայի փոփոխությանը: Արտանետված գազերը քայքայում են նաև օ­զոնի շերտը, որը պաշտպանում է օրգանական աշխարհն ուլտրամանու­շակագույն ճառագայթումից:
Հետևաբար՝ այսօր առանձնապես հրատապ է մթնոլորտի պահպա­նության խնդիրը:
Մթնոլորտի անաղարտության պահպանման հիմնական ուղին չաղ­տոտելն է:
Անհրաժեշտ է էներգիայի ավանդական աղբյուրների օգտագործումից աստիճանաբար անցնել Արեգակի, քամու էներգիայի օգտագործմանը, ո­րոնք չեն աղտոտում մթնոլորտը:
Քանի որ ավտոմոբիլային տրանսպորտը մթնոլորտի ամենամեծ աղ­տոտողն է, ուստի այսօր հսկայական աշխատանքներ են կատարվում ավ­տոմեքենաների շարժիչների տեխնիկական կառուցվածքը բարելավելու ուղ­ղությամբ: Դրա շնորհիվ կնվազի թունավոր արտանետումների քանակը: Մթնոլորտի մաքրության պահպանման գործում անփոխարինելի դեր են կատարում անտառները, բնակավայրերի կանաչ գոտիները, զբոսայգիները, պուրակները: Ուստի անհրաժեշտ է ոչ միայն դրանք պահպանել, այլև՝ աստիճանաբար ընդարձակել: Անտառները ոչ միայն օդը հարստաց­նում են թթվածնով, այլև՝ իրենց սաղարթով կլանում են փոշու, մրի և այլ նյութերի մասնիկները:
Մթնոլորտ արտանետվող զանազան թունավոր գազերը, ծուխը, փոշին, մուրը և այլ նյութեր վտանգավոր են մարդկանց առողջության համար: Դրանք կարող են թափանցել մարդու շնչառական օրգանները և նույնիսկ քաղցկեղի պատճառ դառնալ: Այդ նյութերն առաջացնում են նաև մաշկային հիվանդու­թյուններ, վնասում նյարդային համակարգը:
Խոշոր քաղաքներում բնակչության առողջությունն ավելի է վտանգ­ված, որովհետև մթնոլորտն այդտեղ ավելի շատ է աղտոտված ավտոտ­րանսպորտի արտանետումներով:
Մթնոլորտի անաղարտության պահպանումն առաջին հերթին ամբողջ բնության և ամենագլխավորը, մարդու առողջության գրավականն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով