Հայ ժողովրդի ազգային-ավանդական ուտեստի համակարգ

Խորոված

Ինչպես կովկասյան մյուս ժողովուրդների, այնպես էլ հայերի մոտ ազգային ուտեստ է համարվում խորովածը, որը պատրաստում են ոչխարի կամ խոզի մսից։ Միսը անցկացնում են շամփուրի վրա, որին կցում են նաև սոխի գլուխ, բադրիջան, լոլիկ և բուլղարական բիբար։

 

խաշ

Անցյալում հյուրերի համար գյուղերում մեծ տոնակատարությունների ժամանակ թոնրում խորովու են պատրաստել՝ ոչխարի, գառան ամբողջական մարմնից։ Հարիսան, քուֆթան, կոլոլակը և, առանձնապես, խաշը տոնական, ծիսական կերակուրներ էին համարվում՝ կազմելով մեծ հացկերույթների սեղանի զարդը։

Հայոց մեջ ընդունված էր խաշը վայելել վաղ առավոտյան՝ ընկեր-բարեկամով, դրկիցներով։ Դա մի հացկերույթ է, երբ բնական խնդիրներից զատ, լուծվում են սոցիալական մերձեցման, հաղորդակցման հարցեր։ Ընթրիքի սեղանին դրվել են գինով սափոր և մրգային օղու շիշ։ Պանիրն ու հացը՝ օղու կամ գինու րհետ, համարվել են հյուրասիրության կարևոր տարրեր (Պանիր, հաց, սիրտը՝ բաց։ Հաց ու պանիր, կեր ու բանիր)։

Հնում գյուղերում բազմաքանակ հյուրերի դեպքում թոնի մեջ խորովել են մորթած անասունների ամբողջ մարմինը։ Հարուստ ընտանիքներում, երբ հյուր էին ընդունում, ի պատիվ իրեն՝ գառ էին զոհաբերում։ Մեծ քանակությամբ միս, հատկապես գառի, ոչնչացվեց աստվածահաճության վայրերում։ Այստեղ յուրաքանչյուր ունևոր ընտանիք «սրբին զոհ մատուցելու» համար գառ էր մորթում։ Աղքատները սահմանափակվում էին աքաղաղներով։ Ընդհանրապես գյուղերում տավարի միսը, համեմատած գառան մսի հետ, քիչ է օգտագործվում։ Միջին խավի մարդիկ միս օգտագործել են տոն օրերին, իսկ աղքատները բավարարվել են միայն խոտերով, բանջարեղենով և պտուղներով։

 

Հարիսա

Հայաստանում, դեռևս հին ժամանակներում, հարիսան համարվել է տոնական և ծիսական ուտեստ, իսկ հիմա այն համարվում է ամենօրյա կերակուր։ Սա պատրաստում են մսից (գառ, հավ, հնդուհավ) և ցորենի շիլայից։ Միսը այնքան է մանրացվում և ձուլվում ցորենի շիլայի հետ, որ ստացվում է համասեռ զանգված։ Պատրաստ վիճակում հարիսան ճաշակում են նրան ավելացնելով չոր կարագ։ Տոները ուղեկցվել են ծիսական, սրբազան միտվածությամբ հացկերույթներով։ Հացկերույթի հիմնական տարրը կերակրատեսակներն էին։

Համատեղ սեղանի ծիսակարգի նախնադարյան ծագումը դրսևորվել է հարսանեկան և սգո հացկերույթներում։ Ավանդական կենցաղում հարսանեկան և սգո սեղաններին համայնքի բոլոր ընտանիքներից մեկական ներկայացուցիչ, հիմնականում՝ նահապետը, առանց հրավերի, հավասար իրավունքներով մասնակցել են հացկերույթին, մթերքով օգնել են ծիսական հացկերույթի կազմակերպմանը, ըստ որում, այն տարել են ընտանիքի մեծ տիկնայք՝ տանտիրուհիները։ Հարսանիքը նշվել է մեծ հանդիսավորությամբ և հատուկ ծեսերով։ Հարսանիքից առաջ նշանդրեքին ոչխար են մորթել և պատրաստել խորոված, խաշլամա, բրնձով, ձավարով փլավ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով